Յուրաքանչյուր տարի Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում անցկացվում են Եվրոպական ժառանգության օրեր։
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Արվեստ և ժամանց» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, որ Հայաստանում և Արցախում այս երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձաններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, աստղադիտումներ, պեղումներ և այլն:
Միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարևորվել է մշակութային և բնության ժառանգության պահպանության բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը և երիտասարդության ներգրավվածությունը:
Նշենք, որ ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը։