Հուլիսի 24-ին Կոստան Զարյանի ժառանգները Մաշտոցյան Մատենադարանին են նվիրաբերել հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերը։
Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։ Աղբյուրում նշվում է, որ բացի այդ Մատենադարանին է նվիրաբերվել նաև Կոստան Զարյանի որդի՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը:
Այս քայլը նպատակ է հետապնդում պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ նյութերը։
Հավելենք նաև, որ նախատեսվում է մոտ ապագայում Կոստան Զարյանի արխիվը համալրել նրա գրչին պատկանող՝ այլ երկրներում գտնվող նյութերով, որոնք ևս բերվելու են Հայաստան և հանձնվելու են ի պահս Մաշտոցյան Մատենադարանին: