Ռուսական արվեստի թանգարանը, որն իր առաքելություններից է համարում ժամանակակից հավաքորդների հավաքածուներում պահվող ստեղծագործությունները լայն հանրությանը ներկայացնելը, իր հարկի տակ է հյուրընկալել 20-րդ դարի հանրահայտ նկարչուհի Լյուբով Պոպովայի երկու անհայտ գործ՝ Վարդան Ասծատրյանի հավաքածուից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կազմակերպված «Լյուբով Պոպովա. ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին:
Վարդան Ասծատրյանը, որը Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն է, ասաց՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գորգերից զատ Արցախից տարհանել են 50-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ: «Շատ էի ցանկանում Շուշիում կազմակերպել իմ հավաքածուի գործերի ցուցադրությունը, որը կկրեր «Հայտնի նկարիչների անհայտ աշխատանքները» խորագիրը: Աշխարհում շատ հզոր աշխատանքներ կան, որոնք արվեստասերներից շատերին ծանոթ չեն. մարդիկ իրավունք ունեն տեսնել դրանք»,-շեշտեց հավաքորդը:
Ասծատրյանն ասաց՝ կտավներից մեկը կուբաֆուտուրիստական է, մյուսը՝ սուպրեմատիստական: «Ֆուտուրիզմն ապագայի զարգացումն է: Մեր երկրում հիմա շատերին է հետաքրքիր, թե ինչ կլինի մեր ապագան: 1920-ականներին կտավները նկարելիս նույն հարցը հուզել է նաև Պոպովային»,-շեշտեց նա ու հավելեց, որ նմանատիպ գործեր Երևանում շատ չեն ցուցադրվում: Չի բացառվում, որ ապագայում հավաքորդը, համագործակցելով այլ թանգարանների հետ, ներկայացնի հավաքածուի մյուս արժեքավոր կտավները:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ իրենց համար պատիվ է Պոպովայի աշխատանքները ցուցադրելը: Փորձել են ցուցադրությունը մատուցել կուբիստական ձևաչափով:
Անդրադառնալով Եվրոպական ժառանգության օրերին՝ Մկրտչյանն ընդգծեց, որ ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում, աշխարհում իրականացվում է ավելի քան հիսուն տարի: «Հայաստանը ևս միացել է ծրագրին, որը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու այն մշակութային ժառանգությունը, որն առօրյայում փակ է հասարակության լայն շրջանակի համար: Մեր թանգարանը, հիմնված լինելով Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի վրա, ձգտում է համագործակցել հավաքորդների հետ ու հանրայնացնել նրանց գործերը: Հենց այս նպատակով ենք աշխատել թանգարանի լավ բարեկամ Վարդան Ասծատրյանի հետ»,-ասաց Մարինե Մկրտչյանը:
Պոպովայի ստեղծագործությունները ստացել են «Տարածական-ուժային կառուցվածքներ» անվանումը: Դրանց կոմպոզիցիայի հիմքում հորիզոնական և ուղղահայաց կամ թեք գծերն են, որ կարծեք, կախված են վերացական տարածության մեջ:
Առավել ուշագրավ են հեղինակի կուբիստական ստեղծագործությունները, որոնք մարդկային կերպարներով կազմված կոմպոզիցիաներ են:











