Այսօր հայ մշակույթի մեծ գործիչ, կոմպոզիտոր, ազգագրագետ, մանկավարժ, խմբավար, երգիչ, արվեստագետ Կոմիտաս վարդապետի ծնդդյան օրն է:
Կոմիտասը կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ոորտեղ խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։
Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ Սողոմոնն իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին նա դառնում է սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Կոմիտասը բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է «Գուսան» 300 հոգանոց երգչախումբը։
Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։ Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։ Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը[10]։
Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական ազգագրության ռահվիրաներից մեկը:
2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը: Նույն տարվա հունիսի վերջին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի շնորհիվ իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին: