Սեպտեմբերի 20-30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։ Մրցույթին մասնակցել են 260 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 33 երկրներից։ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող է, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։
Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում է 4 տարվա կրթաթոշակ՝ (տարեկան 19.000 ԱՄՆ դոլար) Արևելյան Թենեսսի համալսարանում սովորելու նպատակով։
ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: