Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված հայ դասական երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150 և նրա` Թիֆլիս կատարած առաջին այցելության 105-ամյա հոբելյաններին: Այս մասին հայտնի է ԿԳՄՍ նախարարությունը։
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ՝ մեծ կոմպոզիտորի հոբելյանական ծրագրի թբիլիսյան էջը ստացել է «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագիրը: Երկօրյա ծրագիրը իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի համագործակցությամբ, օրհնությամբ և աջակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։ Միջոցառումներին մասնակցում էր Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի գլխավորած պատվիրակությունը:
Հոկտեմբերի 23-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում մեկնարկած միջոցառումների շրջանակում բացվել է ցուցահանդես, որն արտացոլում էր Սպենդիարյանի կյանքի և գործունեության առանցքային դրվագները, ինչպես նաև նրա առնչությունները թիֆլիսյան միջավայրին: Միջոցառումը վարում էին կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյանը:
Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, հոգևորականներ, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, քաղաքապետարանի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի աշխատակիցները, արվեստասեր հանրություն:
Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր ու բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը:
Սպենդիարյանի` Թբիլիսիում անցկացրած օրերի մասին բանախոսությամբ հանդես է եկել Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի դասախոս Թինաթին Բարկալայիան:
Թումանյան-Սպենդիարյան բարեկամության և այդ բարեկամության անզուգական պտուղների մասին խոսել է Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Անի Եղիազարյանը:
Հոբելյանական միջոցառումները շարունակվել են հոկտեմբերի 24-ին Վիրահայոց թեմի «Հ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում: Ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։