Նոյեմբերի 18-ին Մոսկվայի դասական լուսանկարչության պատկերասրահում կբացվի Ստաս Նամինի «Կոնտրապունկտի միասնությունը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Ստաս Նամինի մամուլի ծառայությանը:
«Լուսանկարիչ և նկարիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինի հեղինակային միջոցառումների հոբելյանական ծրագիրը, որը տեղի է ունեցել ամբողջ 2021 թվականի ընթացքում և կապված է նրա 70-ամյակի հետ, շարունակվում է։ Մեծածավալ անհատական լուսանկարչական ցուցահանդեսը նոյեմբերի 18-ին կբացվի Սավվինի ափին գտնվող դասական լուսանկարչության պատկերասրահում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 16-ը: Ցուցադրության մեջ ներկայացված են ավելի քան հարյուր աշխատանքներ, որոնք ընդգրկում են հեղինակի բոլոր լուսանկարչական ստեղծագործությունները։ Ներկայացված են անգամ Նամինի այն գործերը, որոնք նա ստեղծել է 12 տարեկանում։ Ներկայացված են լինելու նաև գործեր, որոնք վերաբերում են հեղինակի ճանապարհորդություններին։ Կան գործեր Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Հնդկաստանից։ Ներկայացված է լինելու Հայաստանը, մի շարք հայտնի դեմքեր։
«Ինձ թվում է՝ ցանկացած արվեստում ամենագլխավորը գեղեցկությունն է։ Եթե գեղեցիկ է ստացվել, ինձ համար դա արդեն բավական է»-,-կարծում է Նամինը, որի խոսքը փոխանցում է մամուլի ծառայությունը։
Ստաս Նամինը (Միկոյանը՝ Անաստաս Ալեքսեևիչ) ծնվել է 1951 թվականին, Մոսկվայում՝ հայ ընտանիքում։ Ստասի հայրը՝ Ալեքսեյ Անաստասի Միկոյանը, զինվորական օդաչու էր։ Մայրը՝ Նամի Միկոյանը (Արուտյունովա), երաժիշտ է, արվեստագետ, գրող։ Հենց նրա անունն է Ստասը վերցրել որպես ստեղծագործական կեղծանուն։