Նոյեմբերի 15-ին Էրեբունի թանգարանում տեղի ունեցավ «Ուրարտու. Նոյի կորսված թագավորությունը» գիտահանրամատչելի ֆիլմի փակ շնորհանդեսը Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի էջից։
«Այս ֆիլմն արդեն իսկ գրանցել է բավական լուրջ հաջողություններ: Այն ձեռք է բերել Ամազոնը, այն ցուցադրվել է Իտալիայի և Իսպանիայի առաջին հեռուստաալիքներով, իսկ շուտով կցուցադրվի Չեխիայում և Սլովակիայում:
Շնորհանդեսի ժամանակ ելույթի խոսքով հանդես եկան ֆիլմի համապրոդյուսերներ Տիգրան Մանասյանն ու Էլիզաբեթ Պետրոսյանը: «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանն իր ելույթի խոսքում նշեց, որ խիստ խորհրդանշական է, որ ֆիլմի հայաստանյան շնորհանդեսը տեղի է ունենում Էրեբունիում, որտեղից սկիզբ է առնում է մեր մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը:
Այս ֆիլմը խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի հնագույն շրջանի մշակույթի և պատմության ընկալման, վերարժևորման և հանրահռչակման համար: Նման ֆիլմերն այսօր առավել քան անհրաժեշտություն են, որոնց միջոցով մենք ցույց ենք տալիս, որ տերն ենք հզոր ուրարտական ժառանգության:
Հավելենք նաև, որ ֆիլմում տեղ են գտել նաև «Էրեբունի» ՊՀԱԹ-ի փոխտնօրեն Վահե Սարգսյանի հարցազրույցները և ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի ուրարտական վերակազմություններին վերաբերող եռաչափ վերակազմություն»,- ասված է հայտարարության մեջ: