Իրանական Բուշերի հայկական եկեղեցին վերակառուցումից հետո մոտ ապագայում կվերաբացվի զբոսաշրջիկների համար, հայտնում է Tehran Times-ը։
«Բուշերի Գրիգորյան եկեղեցին Իրանի նավահանգստային քաղաքի ամենակարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է։ Այն ներկայումս հիմնովին վերանորոգված է»,- ասել է տեղի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ բացի հիմնական շենքից, բարեկարգվել են տաճարի բակը և այլ տարածքներ։ Բացի այդ, եկեղեցու տապանաքարերը մշակվում են, որպեսզի մոտ ապագայում դրանք փաստաթղթավորվեն, պարզաբանել է պաշտոնյան։
Իրանում են գտնվում բազմաթիվ պատմական հայկական եկեղեցիներ, մատուռներ և տաճարներ: Արևելյան Ադրբեջանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգների Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս եկեղեցիները 2008 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքը հայկական հուշարձանները որակել է որպես «հայկական ճարտարապետական և դեկորատիվ ավանդույթների ակնառու համամարդկային արժեքի օրինակներ»՝ նշելով, որ «դրանք վկայում են տարածաշրջանային այլ մշակույթների, մասնավորապես բյուզանդական, ուղղափառ և պարսկական մշակույթների հետ շատ կարևոր հարաբերությունների մասին»։