«Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» ցուցահանդեսում ներկայացված են հայ արվեստի երկու արդիական և նորարար արվեստագետների բնօրինակ գործեր՝ յուղաներկ, գրաֆիկ աշխատանքներ, քանդակներ, բացառիկ արխիվային նյութեր: Ցուցադրությունը, որը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում, բացվեց մարտի 18-ին Երվանդ Քոչարի թանգարանում:
Արմենպրեսի-ի թղթակցի հետ զրույցում Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն ասաց, որ ցուցադրությունը նվիրված է երկու շատ արդիական արվեստագետներին, որոնց ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին:
«Երկու արվեստագետներն էլ ապրել և ստեղծագործել են Ֆրանսիայում, մոտավորապես 20-30-ական թվականներին: Հեղինակները Ֆրանսիայում հաճախակի ունեցել են համատեղ ցուցադրություններ: Նրանք ունեցել են ջերմ հարաբերություններ և միասին բազմիցս պայքարել են իրենց սկզբունքներն առաջ մղելու համար»,- ասաց թանգարանի տնօրենը:
«Շեդեվր» պատկերասրահի տնօրեն Աբրահամ Գրիգորյանը նշեց, որ ցուցադրությունը բացառիկ է նրանով, որ Քոչար-Թութունջյան ցուցադրություն երբևէ չի եղել Հայաստանում, ինչը արդեն ինքը իրենով առանձնանում է: «Կարող եմ ասել, որ այն միջազգային մակարդակի ցուցահանդես է, և այստեղ երկու հեղինակներ են, որոնք ներկայացված են Փարիզի կենտրոնական թանգարանում՝ Դալիի, Պիկասոյի և շատ այլ հայտնի հեղինակների կողքին»,- ասաց նա:
Ներկայացվեցին նաև Թութունջյանի և Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված ժամանակակից ինստալյացիաներ (հեղինակ՝ Աշոտ Մարաբյան), որոնք առավել ընկալելի ու ազդեցիկ դարձրին մեծ արվեստագետների գաղափարներն ու նրանց արդիականությունն անգամ մեր օրերում՝ մոտ 100 տարի անց:
Ցուցահանդեսը կյանքի կոչվեց Երվանդ Քոչարի թանգարանի և «Շեդեվր» պատկերասրահի նախաձեռնությամբ: Քաղաքացիները ցուցադրությունը հնարավորություն կունենան վայելելու 10 օր: