Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները: Այս մասին իր տարածած հայտարարության մեջ գրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը։
«Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ:
Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ աշխարհի մարդկության համար:
Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու:
Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր է Հայաստանում տեղադրել Հիսուս Քրիստոսի հսկայական արձանը։ Արձանի բարձրությունը, ինչպես պատկերացրել է ձեռնարկատերը, պետք է լինի առնվազն 33 մետր։ Նշենք, որ Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենամեծ արձանը տեղադրված է Լեհաստանի Սվիեբոձին քաղաքի հարավարևելյան ծայրամասում։ Հուշարձանի բարձրությունը մոտ 52 մ է։
Հիշեցնենք, որ Գերագույն հոգևոր խորհուրդը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը։