Ապրիլի 21֊ին Վենետիկի Բիենալլեի շրջանակում տեղի ունեցավ հայկական ցուցադրության բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը։
Այս տարի այն ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի «Ղարիբ» ստեղծագործությամբ։
«Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։ Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ հայրենազրկված, սեփական արմատներից կտրված հայ ժողովրդին ավելի քան ծանոթ է «ղարիբի» խորհուրդը։
Այսօր արցախահայությունը դարձյալ ապրում է էթնիկ զտման ու ահաբեկման վտանգի ներքո։ Նա հավելեց, որ մշակույթի ամենակարևոր առաքելություններից է բացառել անտարբերությունը և յուրովի ուշադրություն հրավիրել խնդիրների վրա ու լուծումներ փնտրել։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։