Գաֆեսճյան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի փակման գալա համերգը՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Համերգային ծրագրում հնչել են Գոռ Սուջյանի, Արամ mp3-ի, Վահագն Հայրապետյանի, «Նեմրա» և «Hope for coffee» խմբերի, ինչպես նաև սիրված այլ երգիչների ու երաժշտական խմբերի կատարումներ, որոնց հետ հանդես են եկել նաև փառատոնի պատանի մասնակիցները։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
«Այս փառատոնով փոխվում է ներառականության մեր ընկալումը. ոչ թե զարգացման առանձնահատկություն ունեցող պատանիներն են ներառվում, այլ մենք ենք ներառվում նրանց զարմանալի պարզ ու բարդ աշխարհ»,- նշել է Ա․ Խզմալյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ն կազմակերպել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: