Ռոք երաժիշտ, լեգենդար Deep Purple խմբի մենակատար Յեն Գիլանը պաշտպանել է Հայաստանին՝ հայտարարություն հրապարակելով իր պաշտոնական կայքում։
Գիլանը աջակցել է իր գործընկերոջը՝ Queen-ի կիթառահար Բրայան Մեյին, ով երեկ նույնպես հայերի աջակցության հայտարարություն է արել։ Յեն Գիլանն ասել է. «Խնդրում ենք կարդալ Բրայան Մեյի այս լավ գրած հաղորդագրությունը Հայաստանի նկատմամբ իր հարևանների կողմից մշտական ծաղրուծանակի մասին։ Մի հավատացեք, թե խուլիգաններն ինչ են ասում՝ փորձելով արդարացնել իրենց»։
Բրայան Մեյը սեպտեմբերի 19-ին Instagram-ի իր էջում հայտարարություն է հրապարակել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին և աշխարհին կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի ագրեսիային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: