Հոկտեմբերի 5-ին և 6-ին Հայաստանում առաջին անգամ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ կայացան Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պետական ակադեմիական բալետի թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետի ներկայացումները։ Ներկայացումները, որոնք տեղի ունեցան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, իրականացվել են «Հայֆեստ» Կատարողական արվեստի 20-րդ միջազգային փառատոնի ծրագրի շրջանակներում։
Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհի, սիրեկան ու մուսա Կամիլյա Կլոդելի ճակատագրին ու ստեղծագործունեությանը։ Նրանց սիրո պատմությունը ողբերգական է։ 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ զգայական և ստեղծագործ ամբողջություն։ Այնուամենայնիվ, արտիստների միջև եղած անջրպետը մահացու հարված է հասցնում Կամիլիայի հոգեկան առողջությանը և դառնում է նրա մահվան պատճառ: Կիսամոռացված, աշխարհից մեկուսացված, աղքատության մեջ ապրող Կլոդելը խելագարվում է։ Նրա դեմ ուղղված դավադրության ցավոտ գաղափարը, որում Կամիլյան Ռոդենին տեսնում է որպես գլխավոր դերակատար, անընդհատ տանջում է հոգեկան խանգարումից թուլացած կնոջ միտքը։ Նրան վիճակված էր մի ամբողջ 30 տարի անցկացնել հոգեբուժարանում, որտեղ և 1943 թվականին մահանում է` լինելով բոլորի կողմից մոռացված և լքված:
«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» ներկայացումը արտացոլում է այն ահռելի գինը, որ հանճարները վճարում են անմահ գլուխգործոցներ ստեղծելու համար։ Օգտագործելով ժամանակակից բալետի հոգեբանական եզակի պլաստիկ լեզուն՝ Էյֆմանը ոչ միայն ներկայացնում է Ռոդենի և Կլոդելի կողմից վարպետորեն ուսումնասիրված մարդկային կրքերի աշխարհի նոր ըմբռնումը, այլ ի ցույց է դնում ստեղծագործական գործընթացի անհասկանալի և առեղծվածային լինելը։
«Ռոդենի և Կլոդելի կյանքն ու սերը երկու արվեստագետների զարմանալի պատմություն է, որոնց բարդ, անհավանական դրամատիկ միության մեջ միահյուսված են կիրքը, ատելությունը, ստեղծագործական խանդը: Քանդակագործների միջև տեղի ունեցած հոգևոր և էներգետիկ փոխանակումը եզակի է. մտերիմ լինելով Ռոդենի հետ՝ Կամիլյան ոչ միայն ոգեշնչեց նրան, օգնեց ձեռք բերել նոր ոճ և ստեղծել գլուխգործոցներ, այլև անձամբ զգաց սեփական տաղանդի արագ հասունացումը՝ վերածվելով տաղանդավոր վարպետի։ Գեղեցկություն, երիտասարդություն, հանճարեղություն․ այս ամենը նա զոհաբերեց իր սիրելիին», – ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանը:
«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բեմադրության պրեմիերան կայացել է 2011 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում, որից հետո այն ներկայացվել է Մադրիդի, Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի և այլ քաղաքների թատերաբեմերում։ Ներկայացումն արժանացել է «Golden Mask» և «Golden Soffit» մրցանակներին։
Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը հիմնադրվել է Բորիս Էյֆմանի կողմից՝ 1977 թվականին (թատերախմբի սկզբնական անվանումը եղել է «Լենինգրադի նոր բալետ»)։ Կոլեկտիվի կոնցեպտը բավականին համարձակ էր. այն ստեղծվել էր որպես հեղինակային, ռեժիսորական թատրոն՝ կարծես լինելով մեկ պարուսույցի փորձարարական լաբորատորիա։ Այսօր Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հայտնի է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի պարարվեստի սիրահարներին հետևյալ ներկայացումներով՝ «Կարմիր Ժիզել», «Ռուսական Համլետ», «Աննա Կարենինա», «Եվգենի Օնեգին», «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը», «Մեղքից այն կողմ», «Ռեքվիեմ», «Up & Down», «Չայկովսկի. PRO et CONTRA», «Պիգմալիոնի էֆեկտը», «Կիրքը Մոլիերի նկատմամբ կամ Դոն Ջովանիի դիմակը», «Ճայը. բալետի պատմություն»։ Համընդհանուր ճանաչված այս գործերը ոչ միայն ներկայացնում են ժամանակակից ռուսական բալետի նվաճումները գեղարվեստական ամենաբարձր մակարդակում, այլև հանդիսատեսին ներկայացնում են ռուսական և համաշխարհային մշակույթի անմահ հոգևոր ժառանգությունը՝ ոգեշնչելով պարուսույցին և նրա թատերախմբին: Բորիս Էյֆմանի թատերախմբի ցանկությունն է՝ հանդիսատեսին ներգրավել մարդկային կրքերի անսպառ աշխարհում, աշխույժ հոգևոր կապեր հաստատել հասարակության հետ, ապշեցնել նրան պլաստիկ լեզվի պայծառությամբ և դինամիկությամբ։ Այս ամենի արդյունքն այն հաջողությունն է, որն արդեն մի քանի տասնամյակ ուղեկցում է թատերական ներկայացումներին աշխարհի առաջատար բեմահարթակներում։