Առաջին անգամ Հայաստանում համերգներով հանդես կգան լեգենդար դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, musicAeterna նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և musicAeterna byuzantina երգչախումբը:
Համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հոկտեմբերի 15-ին՝ Զվարթնոց տաճարում և հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում:
Հյուրախաղերի նպատակն է համերգներով ընդգծել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ներկայացնել համաշխարհային դասական և հոգևոր երաժշտությունը, ինչպես նաև նպաստել երկրի երիտասարդ տաղանդների զարգացմանը: musicAeterna-ի գեղարվեստական ուղղվածությունը երկար տարիներ հիմնվում է մշակույթների միաձուլման, պատմության ու մեր ժամանակների երկխոսության վրա, ինչը հաջողությամբ իրագործվում է երաժիշտների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
Հյուրախաղերի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 14-ին Երևանում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում musicAeterna-ն կկատարի Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան (ըստ Դանթեի), Իտալական կապրիչոն և «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան (ըստ Շեքսպիրի):
Հոկտեմբերի 15-ին Արարատ լեռան ստորոտին՝ Զվարթնոցի տաճարի մոտ, մայրամուտին տեղի կունենա «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պար-ողբի պրեմիերան: Բեմադրությունը կներկայացնի musicAeterna Dance խումբը, որի հիմնադիրը նույնպես Թեոդոր Կուրենտզիսն է։ Պարային ներկայացման խորեոգրաֆը Վլադիմիր Վառնավան է, ռեժիսորը՝ Աննա Գուսևան:
Հյուրախաղային ծրագրի գագաթնակետը Ալֆրեդ Շնիտկեի Կոնցերտի կատարումն է a capella երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի: Այն տեղի կունենա հոկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հյուրախաղերը կավարտվեն հոկտեմբերի 17-ի՝ լույս 18-ի գիշերը: Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում musicAeterna և musicAeterna byuzantina երգչախմբերը կներկայացնեն Lux Aeterna («Հավերժական լույս») ծրագիրը, որը միավորում է տասդարյա ռուսական և եվրոպական հոգևոր երաժշտությունը: Այստեղ ժամանակակից կոմպոզիտորների օպուսներին հաջորդում են միջնադարյան ստեղծագործությունները, որոնք զարմանալի կերպով խոսում են նույն լեզվով:
Նախագիծն իրականացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի օրհնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ: Կոլեկտիվի պատմության մեջ առաջին անգամ հայաստանյան հյուրախաղերը տեղի են ունենում Վարդուհի Նազարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Արամ Խաչատրյան համերգասրահը: