Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա են գտնվել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Միջոցառմանը մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Օհան Դուրյանի տիկինը՝ Ալիս Դուրյանը և որդին՝ Նարեկ Դուրյանը:
Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը: Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը:
«Կարծում եմ, Օհան Դուրյանի այս ներկայությունն Ազատության հրապարակում, ավելի ճիշտ՝ հենց այստեղ, խորհրդանշում է իր ներկայությունը և՛ պատերից ներս, և՛ պատերից դուրս: Օհան Դուրյանը ծնվել է Երուսաղեմում, դեգերել է ամբողջ աշխարհով, հանգչում է հայրենիքում, բայց ապրել է հայրենիքում: Ես այսօրվա սիմվոլն ընկալում եմ այսպես. Օհան Դուրյանը երկու՝ մշակութային և քաղաքական պատվանդաններից իջեցվել է և դրվել է, հենվել է Հայաստանի Հանրապետության հողին։ Սա է այսօրվա սիմվոլը, և շնորհավորում եմ բոլորիս այս սիմվոլի առիթով»,- իր ելույթում նշել է վարչապետը: