Դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ հայազգի հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան «Ռոսիա -1» հեռուստաալիքի «Մարդու ճակատագիրը» հաղորդաշարի ժամանակ պատմել է որդեգրված դստեր և հոր խորհրդի մասին:
«Մենք 2001 թվականին որդեգրեցինք 12-ամյա մի աղջկա, որը մեր չորրորդ երեխան դարձավ: Նրա մայրը մահացել է շատ ծանր հիվանդությունից»-պատմել է Սպիվակովան։
Մինչ այդ Սաթի և Վլադիմիր Սպիվակովները երեք դուստր ունեին՝ Եկատերինան, Տատյանան և Աննան:
Սաթին անդրադարձել է նաև իր հայկական ծագմանը և կիսվել հոր՝ հայտնի հայ ջութակահար Զարեհ Սահակյանցի մասին հիշողություններով:
«Սա ժամացույց է, որը պատկանել է հայրիկին: Ես այն կրում եմ կյանքում շատ պատասխանատու պահերի»,-շոուի հաղորդավարին ասել է Սպիվակովան, որին հետաքրքրել է հյուրի ձեռքի անսովոր աքսեսուարը:
Սպիվակովան նշել է, որ իր հայրը Հայաստաննում առաջինն է կամերային նվագախումբ հիմնել։
«Նա մշակել է նաև Կոմիտասի «Պատարագ» ստեղծագործությունը: Հորս աշխատանքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի ուշադրությանն էր արժանացել: Նա Շվեյցարիայից կամերային երաժշտության պարտիտուրների հազվադեպ հավաքածու բերեց, ինչպես նաև շվեյցարական ժամացույցներ՝ ամբողջ նվագախմբի համար: Նվագախմբի 25 անդամները կաթողիկոսից կարմիր տուփով ժամացույց ստացան, իսկ հայրիկի տուփը կապույտ էր, ժամացույցը՝ ոսկեգույն: Հայրս հատուկ հանդիսավոր առիթների համար էր կրում այն, և ինձ միշտ ասում էր՝ պետք է կարողանաս գնահատել ժամանակը։ Եվ հիմա ես դրանք ամենապատասխանատու օրերին եմ կրում»-նշել է նա: