Ամփոփելով 2022-ի գրական ու մշակութային նորությունների արդյունքները՝ Armenia Today-ը կազմել է տարվա ամենաշատ ընթերցված գրքերի ցուցակը: Բեսթսելլերների ցուցակը խմբագիրներին տրամադրել են Երեւանի առաջատար գրախանութները ՝ «Զանգակ», «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Ֆենիքս»: Մեր ցուցակի առաջին մասում մենք ներկայացնում ենք հայրենի հեղինակների աշխատանքները, որոնք ամենատարածվածն էին վերջին մեկ տարվա ընթացքում:
Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը»
Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհն անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից` նա խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նժդեհը վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները, այլ պատերազմներում պարտությունների պատճառները:
Պարույր Սևակ «Մարդը ափի մեջ»
«Մարդը ափի մեջ» ժաղավածուն գրվել է 1963 թ.: Ժողովածուն ունի ներքին քնարական սյուժե, որի առանցքը ժամանակակից անհատի ոգու ճշմարտության բացահայտման պատմությունն է: «Ծնվել եմ» բանաստեղծությանը հաջորդում է «Մեռնել» բանաստեղծություները: Սկիզբն ու վերջը կողք կողքի են, և սկզբի ու վերջի հստակ գիտակցությամբ է, որ այդուհետև բանաստեղծը բացում է իր հոգու փակագծերը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապրել:
Համո Սահյան «Ընտրանի»
Անանց իրողություններ ներկայացնող բանաստեղծական պատկերներն իրացվում են հինավուրց ու հավերժական բանաստեղծության միջոցներով, երբեմն ծիսական բանահյուսության տարրերով ու արտահայտչամիջոցներով:
Սահյանի բանաստեղծություններում բազմաթիվ են ուղղակի հղումները Ժողովրդական երգերին (հայրեն, անտունի, «Կռունկ», «Քելե, քելե», «Հորովել») ու հեքիաթներին, առածներին ու ասացվածքներին, «Սասնա ծռեր» վիպերգին ու ավանդություններին:
Արամ Ավետիս «Ճարտարապետական մուտացիա»
Դասական գրականության հումանիստական ավանդություններով դաստիարակված և ձևավորված երիտասարդ արձակագիր Արամ Ավետիսն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը: Մեղավո՞ր է արդյոք այդ գիրք-հայելին, որ իր՝ անխաթար ներկայացրած աշխարհը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության և միայն սոսկում է պատճառում: Երազն ու իրականությունն իրար են խառնվել այդտեղ: Մի աշխարհ, ուր մարդը դարձել է կատարելապես ավելորդ, և միայն ցնորքներով կարող է ապրել: Հոռետե՞ս է արդյոք հեղինակը: Այո, այնքանով, որքանով հրաժարվում է գունազարդել մարդազերծ այդ իրականությունը:
Արամ Պաչյան, «P/F»
Արամ Պաչյանի P/F-ը հատվածային վեպ է։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, Գետառը, անհետացած տրամվայը և «մենակ» տեսակի մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում, իր զգացողությունների մեջ և ապագայի երազանքներում։ Վեպը հեղինակը նվիրում է Ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին և գրքի տոնայնությունը ճիշտ համապատասխանում է այդ փիլիսոփայությանը։ Վեպի բոլոր հատվածները փոխկապակցված են, սակայն դրանց հերթականությունը բոլորովին կարևոր չէ և զուտ պայմանական է։ Վեպը մի շնչով կարդալուց հետո, այն ավելի դանդաղ վերընթերցելու ցանկություն է առաջանում։ P/Fը նոր վեպ է ու նոր մոտեցում կյանքի մասին մեզ հուզող հարցերի պատասխանների որոնում։
Լուսինե Հովհաննիսյան «Երևա, երևա, Երևան»
Ինքնակենսագրական հուշագրությունը պատմում է խորհրդային ու ներկայի քաղաքի բնակիչների մասին՝ նկարագրելով նրանց հավաքական եսի դիմագիծը: Գիրքը մեզ վերհիշել է տալիս Երևանի մարդկանց, բույրերը, համերը, գույները, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը: Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ձեռքով պատումը ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք: Բայց ամեն բան՝ սահուն հեգնանքով։ Վավերագրության ժամանակագրությունն ապահովե լով հանդերձ՝ հեղինակը տեքստում գործածում է հետա դարձ անդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմն Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ:
Վանո Սիրադեղյան «Դուռը»
Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այսուհետ դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դսասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանանքերի ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի («Կիրակի» , «Ծանր լույս» , «Շատ չհամարվի» , «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» , «Երկիր։ Ցպահանջ» ) տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի համավահավաք ժողովածու։