78 տարեկան հասակում մահացել է բրիտանացի լեգենդար երգահան և վիրտուոզ կիթառահար, «Գրեմմիի» յոթակի դափնեկիր Ջեֆ Բեքը (Ջեֆրի Առնոլդ Բեք)։ Այս մասին հայտնել են Բեքի ներկայացուցիչները Twitter-ի միկրոբլոգում։
«Նրա ընտանիքի անունից խորը վշտով հայտնում ենք Ջեֆ Բեքի մահվան լուրը։ Նա մահացել է բակտերիալ մենինգիտով հանկարծակի հիվանդանալուց հետո»,- ասված է գրառման մեջ։
Իր կարիերայի սկզբում նվագել է The Yardbirds ռոք խմբում, այնուհետև՝ 1967 թվականին, ստեղծել է իր սեփական՝ «The Jeff Beck Group» խումբը։ Բեքի գործունեությունը մեծ ազդեցություն է թողել ռոք երաժշտության այնպիսի ոճերի վրա, ինչպիսիք են բլյուզ-ռոքը, հարդ ռոքը, ջազ-ֆյուժընը և այլն։
1990 թվականին, ըստ «The Observer» բրիտանական պարբերականի հարցման, Բեքը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կիթառահարը։ 2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը Ջեֆին ընդգրկել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն կիթառահարների ցանկում: