Երևանի պետական կամերային թատրոնի բեմում հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ին, կկայանա Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի սյուժեի հիման վրա բեմադրությունը, հայտնում է tomsarkgh-ը։ Բեմադրության ռեժիսորը Հայաստանի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է, կոմպոզիտորը՝ Վահե Գրիգորյանը։
«Որքան էլ Շեքսպիրի հանճարեղ ստեղծագործությունը հանդիսանում է վաղնջական ժամանակների, դեպքերի ու իրադարձությունների, ինչ-որ գոյություն ունեցած կամ չունեցած, ինչ-որ ժամանակներում ապրած կամ չապրած, իրական կամ հորինված պատմական անհատների մասին, այն անցել է դարերի փորձություն և չի կորցրել իր արդիականությունը, և, համոզված ենք, չի կորցնի երբեք, քանզի շոշափվում ու նկարագրվում են այնպիսի երևույթներ, որոնք կուղեկցեն մարդուն մինչև պատմության մայրամուտ»,- ասվում է ներկայացման նկարագրության մեջ:
ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյանը հանդես կգա Համլետի հոր ուրվականի դերում, Ավետ Զոհրաբյանը՝ Համլետի։ Բեմադրության մեջ ներգրավված են նաև թատրոնի այլ դերասաններ՝ Զիրոյանը, Լուիզա Ներսիսյանը, Ներսես Մարկոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Ժորա Մարտիրոսյանը։ Գնդապետի դերը կկատարի Նարեկ Ալեքսանյանը, Ֆորտինբրասը՝ Մհեր Ալաբեգյանը։ Տոմսերի արժեքը 1000-5000 դրամ է։