Հայաստանի պատվիրակ Բրյունետը հաղթահարեց «Եվրատեսիլ 2023» մրցույթի կիսաեզրափակիչ փուլը և դուր եկավ եզրափակիչ: Լիվերպուլում մեկնարկած «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը հանդես էր գալիս իր Future Lover երգով։ Նրա հետ բեմում հետաքրքիր շոու ցուցադրվեց, Բրյունետը նաև շլացուցիչ պարով հանդես եկավ։ Հանդիսատեսը բավականին ջերմ ընդունեց նրան, և երգի առաջին իսկ նոտաներից բուռն ծափահարություններ էին հնչում, որոնք շարունակվեցին ամբողջ ելույթի ընթացքում։
Բրյունետի կերպարը քննարկվում էր դեռ մրցույթի բացման արարողության ժամանակ՝ նրա հագուստը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում:
21-ամյա երգչուհու իսկական անունը Էլեն Երեմյան է, բայց հանրությանը նա ներկայանում է Բրյունետ բեմական անվամբ: Երգչուհին սկսել է երգել դեռևս 4 տարեկանից և առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ նաև հանդես է եկել Լիդուշիկի հետ:
Երգչուհին ստեղծագործում է 15-ից տարեկանից և «ՆՎԱԿ» հիմնադրամի սան է։ Հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ հենց հիմնադրամի շնորհիվ նա շատ բան է բացահայտել:
««ՆՎԱԿ»-ը երիտասարդ երաժիշտներիս հնարավորություն է տալիս հմտանալ մեր գործում: Այստեղ մենք հավատում ենք մեր ուժերին»,- ասել էր երգչուհին:
Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Երգչուհին Project 12 խմբի անդամ է: Վերջին տարիներին երգչուհին թողարկել է 3 հեղինակային ստեղծագործություն, իսկ նրա վերջին աշխատանքը՝ «Բաց կապույտ աչքերդ» երգը յութուբում ունի շուրջ 5 միլիոն դիտում, իսկ «Smoke Break» աշխատանքը շուրջ 3 մլն դիտում: Երգչուհին նաև հանդիսացել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանն այս տարի ներկայացնող Բրյունետն ու հայկական պատվիրակությունը մեկնել են Լիվերպուլ (Մեծ Բրիտանիա)՝ մասնակցելու «Եվրատեսիլ 2023» մրցույթի փորձերին։
Հայաստանի պատվիրակի երգի պրեմիերան, որի հեղինակն ինքը՝ Բրյունետն է, տեղի է ունեցել մարտի 15-ին։ Future Lover երգի տեսահոլովակն բավականին շատ դիտումներ ունի: