Երևանում կանցկացվի «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով մանկապատանեկան փառատոնը։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 22-24-ը։ Փառատոնը հատկապես հետաքրքիր կլինի 6-18 տարեկան երիտասարդների և նրանց ծնողների համար։
«Ընդհանուր լեզու գտնել» նախագիծն իրականացնում է գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Գերմանիայի Մյունխեն և Ցայտց քաղաքներում։ Հիմա եկել է հայաստանյան փառատոնի ժամանակը։
Փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին, ժամը 17:00 Գյոթե կենտրոնում անցկացվելիք հանդիպմամբ: Կցուցադրվեն տեսանյութեր և ռեպորտաժներ Մյունխենի և Ցայտցի առաջին երկու փառատոններից, ինչպես նաև կկայանա «IN C-Tbilisi» ֆիլմի ցուցադրությունը, որին կհաջորդի կինոնկարի քննարկումը։ Ելույթ կունենա ներառական «Փարոս» երգչախումբը։
Այնուհետև սեպտեմբերի 23-ին և 24-ին տարատեսակ ինտերակտիվ միջոցառումներ կանցկացվեն Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 17 դպրոցում։ Մասնավորապես, սպասվում է հայ երգի երեկո, պարեր, տեգախաղ, կրկեսային պարապմունք, սայլակով բասկետբոլ, ժեստերի լեզվի սեմինարներ, առաջին բուժօգնության դասընթաց և այլն։
Փառատոնի նպատակն է ցույց տալ տարբեր մշակույթների և երկրների երեխաների և մեծահասակների միջև հաղորդակցության հնարավորությունը՝ առանց միմյանց լեզուների իմացության: Նշենք, որ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։