Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում չի կարողացել ասել, թե կոնկրետ երբ տեղի կունենա ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը Երևանում, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել է:
Լրագրողի այն հարցին, թե կենսակա՞ն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում, Խաչատրյանը պատասխանել է. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:
Օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար:
Հուլիսի 29-ին հայտնել էինք, որ Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանի Հրազդան մարզադաշտում։ Այդ մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել էր ռեփերը։
Սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել ՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:
Հետաձգված համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։ Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հաղորդել էին, որ համերգի հետաձգման /չեղարկման հետ կապված հարցերը քննարկման փուլում են, որից հետո կհստակեցվի գումարի վերադարձման հարցը: