Հայազգի կինոգործիչներն առաջադրվել են Վավերագրական ֆիլմերի միջազգային ասոցիացիայի (IDA) մրցանակի, հաղորդում է մրցանակաբաշխության կայքը:
«Այս տարվա IDA Documentary Awards-ի կարճ ցուցակներն ու հավակնորդներն ընտրվել են անկախ հանձնաժողովների կողմից, որը բաղկացած է 40 երկրի 280 վավերագրողներից, համադրողներից, քննադատներից և ոլորտի փորձագետներից»,- ասվում է առաջադրված կինոգործիչների ցանկի նկարագրության մեջ, որում ընդգրկված է նաև ամերիկահայ պրոդյուսեր Քրեյգ Փիլիգյանը, խմբագիր Քերոլայն Սիրաքյանը և հայկական արմատներով ռեժիսոր Ալեն Հյուզը։
Փիլիգյանը «Էմմի» մրցանակի դափնեկիր Pilgrim Films & Television-ի նախագահն ու գործադիր տնօրենն է: Նա առաջադրվել է «Լավագույն հեռահար աուդիո վավերագրական ֆիլմ կամ սերիա» անվանակարգում՝ որպես SCAMANDA փոդքասթի գործադիր պրոդյուսեր: Հյուզը առաջադրվել է «Լավագույն վավերագրական սերիալ» անվանակարգում՝ Թուփակ Շակուրի և նրա մոր՝ Աֆենի Շաքուրի մասին «Սիրելի մայրիկ» մինի սերիալի համար։ Սիրաքյանն առաջադրվել է «Լավագույն մոնտաժ» անվանակարգում՝ իր չիլիական «Հավերժ հիշողություն» վավերագրական ֆիլմի համար, որը պատմում է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող զույգի մասին:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, հավելել են կազմակերպիչները։
Նոյեմբերի սկզբին Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը լավագույնն էր ճանաչվել Ամստերդամի IDFA վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։ «Վերանորոգման վերջին արհեստանոցը», որը պատմում է 1980-ականներին Ադրբեջանում հալածված հայ տղամարդու մասին, Նյու Յորքում կայացած Critics Choice վավերագրական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել էր լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմի մրցանակին: