Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ նրա տուն թանգարանը կցուցադրի «Ալագյազի մանիները» պոեմի հիման վրա ստեղծված մուլտֆիլմը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Իրականացվելու են նաև Իսահակյանի գրական ժառանգության հանրահռչակմանը, հասանելիությանն ու տարածմանը միտված մի շարք այլ նախագծեր, նշել են գերատեսչությունից։
Մուլտֆիլմի շնորհանդեսը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին, առաջին ցուցադրությունը կլինի Շիրակի մարզի Իսահակյան համայնքում:
«Պոեմն Իսահակյանը գրել է իր սիրելի Շիրակի դաշտավայրում՝ Ղազարապատ գյուղում։ Ստեղծագործության մեջ ներկայացված են Վարպետի ծննդավայրի պատկերները, տեսարանները, ժողովրդական ավանդույթները, բարքերը, սովորույթները։ Այս պոեմում շատ գեղեցիկ ներկայացված է նաև Վարդավառի տոնակատարությունն իր ամբողջ ծեսով։ Այս տոնակատարության ժամանակ էլ Իսահակյանը հանդիպել է իր առաջին սիրուն՝ Շուշանիկին»,- ասել է Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ պոեմի էկրանավորման միջոցով ցանկանում են պատմել, թե ինչպիսի ժողովրդական ավանդույթներ կան Հայաստանում։ Մուլտֆիլմում հնչում են Վարպետի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը, օրինակ՝ «Արևի պես, սիրուն Զարոս» ստեղծագործությունը։
Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ թանգարանը նախաձեռնել է նաև հիմնական ցուցադրության փոփոխություն: Ավետիսյանի խոսքով՝ համալրված ցուցադրությամբ կներկայացվելու է ոչ միայն բանաստեղծի կենսագրությունը, այլև շեշտադրվելու են Վարպետի կերպարի վառ կողմերը՝ որպես մարդ, ընկեր, հասարակական գործիչ, սիրերգու։ Նախատեսվում է նաև «Աբու-Լալա Մահարի» պոեմի բազմալեզու թարգմանությունն ու հրապարակումը»:
Նախարարությունը հավելում է, որ Վարպետի այգում (հասցե՝ Զարոբյան 20) օգոստոսի 6-ին, 17-ին, 23-ին, 30-ին՝ ժամը 19։00-ին, կիրականացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Միայն սիրո լարը մնաց…» խորագրով:
Հոբելյանի շրջանակում նախատեսվում է նաև միջազգային գիտաժողով՝ տեղի և արտերկրում բնակվող հայագետների ու իսահակյանագետների մասնակցությամբ։
Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 18-ին Գյումրի (Ալեքսանդրապոլ) քաղաքում։