Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 5-30-ը Մոսկվայում անցկացվում է Parajanov-fest փառատոնը, հայտնում է փառատոնի պաշտոնական էջը։
Փառատոնը կազմակերպում են Փարաջանովի անվան Մոսկվայի թատրոնը, ՀՀ դեսպանության ռուսական մշակույթի կենտրոնը՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Փառատոնի առաքելությունն է մեր դժվարին ժամանակներում արտացոլել մեծ վարպետի ստեղծագործությանը բնորոշ բարձր հոգևոր իդեալները, նրա փիլիսոփայության գեղեցկությունը և արվեստում բարոյականության ու հումանիզմի բարձր աստիճանը, որոնց նշանակությունը հատկապես ընդգծվում է գեղարվեստական արվեստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փառատոնին կմասնակցեն մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ։ Փառատոնի շրջանակներում Մոսկվայում կբացվի «Փարաջանովի ստվերները» եզակի ցուցահանդեսային նախագիծը, որը կներկայացնի ժամանակակից արվեստագետների 100 աշխատանք՝ նվիրված վարպետի 100-ամյակին։ Փառատոնին կներկայացվի նաև Յուրի Մեչիտովի, Վիկտոր Բաժենովի, Տատյանա Դանիլյանցի լուսանկարների ցուցահանդեսը և հայտնի հայ դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Փարաջանովի յոթ խորհրդանիշները» հեղինակային հավաքածուի ցուցադրությունը։
Նախատեսվում է ցուցադրել ռեժիսորի մասին վավերագրական ֆիլմեր, հետահայաց «Նռան գույնը» ֆիլմին, Փարաջանովի անվան թատրոնի «Սիրով վրեժխնդիր եմ լինելու աշխարհից» բեմադրությունը, կկազմակերպվեն նաև ներկայացումներ, մուլտիմեդիա միջոցառումներ, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղաններ, ասուլիսներ։
Փառատոնը կեզրափակվի մեծ համերգով՝ ռուս ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանի և Օքսանա Վասիլևայի, երգիչներ Մարգարիտա Պոզոյանի, Նարեկ Գևորգյանի, Բարսեղ Թումանյանի և այլ արվեստագետների մասնակցությամբ։
Հուլիսի 20-ին Մոսկվայում բացվել էր «Սերգեյ Փարաջանով․ հավերժական թռիչք» խորագրով ցուցահանդեսը։
Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին՝ Թբիլիսիում, մահացել 1990 թվականի հուլիսի 20-ին՝ Երևանում։ 2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հարյուրամյա հոբելյանները։ Երևանում հունվարի 9-ին բացվել էր կինոռեժիսորի հուշարձանը։ Փարաջանովի հարյուրամյակը նշվել է նաև Թբիլիսիում։
Մեր ընտրանիում են Փարաջանովից մեջբերումներ, որոնք նկարագրում են նրա կյանքը և ստեղծագործական կյանքը։