«Պարոն Ազնավուր» ֆիլմն առաջադրվել է «Սեզար» մրցանակի չորս անվանակարգերում՝ «Լավագույն դերասան»՝ Թահար Ռահիմ, «Լավագույն զգեստներ»՝ Իզաբել Մաթյո, «Լավագույն դեկորացիա»՝ Ստեֆան Ռոզենբաում, «Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ Ստեֆան Դիտտու, X-ում հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։
Ֆիլմը նվիրված է ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ նրա առաջին քայլերից մինչև համաշխարհային հռչակ։ Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, անսասան կամքի և աշխատասիրության մասին, և այն մասին, թե ինչպես է մի մարդ կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողնել երաժշտության աշխարհում:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին Փարիզում։ «Սեզար»-ը Ֆրանսիայի գլխավոր ազգային կինեմատոգրաֆիական մրցանակն է, որը հաստատվել է 1975 թվականին։ Մրցանակով պարգևատրում են լավագույն ֆիլմերը, ռեժիսորներին, դերասաններին և ոլորտի այլ գործիչների՝ խորհրդանշելով ֆրանսիական կինոյի ամենաբարձր ճանաչումը։