Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Հայոց թեմի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Սբ. Պատարագ է մատուցվել:
Առաջնորդ հայրն իր խոսքում շեշտել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կարևորությունը` իր և համայնքի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին ու իշխանությանը:
Պատարագից հետո տեղի է ունեցել Արցախյան երեք պատերազմների զոհերի հիշատակին նվիրված կոթողի բացման և օրհնության արարողությունը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է պաշտոնական այցով Հարավային Ամերիկայում գտնվող ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով ներկա է գտնվել հուշակոթողի բացման արարողությանը։
«Այս հուշակոթողի տեղադրման գաղափարը Թեմի ատենապետ և Արցախի լավագույն բարեկամ Անդրե Կիսաջեկյանի մոտ ծագել էր դեռևս պատերազմի օրերին։ Նախագծի հեղինակն է «Տերյան» մշակութային կենտրոնը: Բացման արարողությանը առիթ ունեցա Բրազիլիայի թեմի Առաջնորդ Նարեկ Եպս. Բերբերյանին և թեմի ատենապետ Անդրե Կիսաջեկյանին հանձնել ԱՀ Պետական նախարարի հուշամեդալները՝ Արցախին անմնացորդ ծառայելու պատրաստակամության համար: Բացման արարողությունից հետո, որին ներկա էր հայ համայնքի մեծամասնությունը, այցելեցինք Հայ օգնության միության գրասենյակ։ Այստեղ կազմակերպվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառում: Գրասենյակում է գործում նաև Բրազիլիայի Սան Պաուլո համայնքի ՀՅԴ Դրո կոմիտեությունը, որտեղ հանդիպում եղավ կոմիտեի անդամների և ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Նիկոլ Նիկողոսյանի հետ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը` նշելով, որ այդպիսով ամփոփվեց նրա` Բրազիլիա կատարած այցը: