Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 6 մարզիկներ Լեհաստանի Լոձ քաղաքում օրերս մասնակցել են Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերին և 2 մեդալ նվաճել՝ 1 ոսկե և 1 բրոնզե: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Եվրոպական համալսարանական խաղերի չեմպիոն է դարձել Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 կգ քաշային կարգում նվաճելով ոսկե մեդալ։ Դավիթը 5 մենամարտ է անցկացրել և հաղթանակներ տարել:
Կումիտե մրցակարգում Հայաստանը ներկայացրել է նաև Անիտա Մակյանը՝ դարձյալ ԵՊԲՀ-ից: Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է եղել 3 բուհերի պատվիրակություններով: Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվիրակությունը 2022 թվականի Եվրոպական համալսարանական խաղերից վերադարձել է մեկ բրոնզե մեդալով, որը պարա սեղանի թենիս մարզաձևում նվաճել է Գևորգ Բեգլարյանը։ ՀՖԿՍՊԻ մյուս ներկայացուցիչ, ձյուդոիստ Մերուժան Սարգսյանն էլ գրավել է 5-րդ հորիզոնականը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակության կազմում էլ ընդգրկված են եղել երկու շախմատիստներ, որոնք, չլինելով գրոսմայստերներ և ունենալով միայն առաջին կարգ, 20 թիմերի շարքում տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում, իսկ Ջանիկ Ղուլյանը բլից մրցաշարում 40 մասնակիցների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Նշվում է, որ Հայաստանին է վստահվել 2025 թվականի Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության անցկացումը: