Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ պատրաստ է աջակցել Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի համար այդքան բարդ ժամանակահատվածում գագաթաժողով կազմակերպելու համար, ինչպես նաև ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտությունում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները եւ ձեռնամուխ լինեն դիվանագիտական կարգավորմանը, եւ Մոսկվան, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ, պատրաստ է դրան աջակցել»,- ասել է ՌԴ վարչապետը և նշել, որ շարունակվում է եվրասիական ինտեգրման ուղղությամբ աշխատանքը և այդ համատեքստում առաջնահերթություն է շուկայի ընդհանուր ամրապնդումը, հինգ երկրների կայուն զարգացումը:
«Հիմա բարդ ժամանակներ են, համընկել են միանգամից մի քանի գործոններ։ Դա և՛ կորոնավիրուսի պատճառած գլոբալ տնտեսական ճգնաժամն է, և՛ արտաքին միջամտությունը Բելառուսի գործերին, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը, և՛ Ղրղզստանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները։ Եվ, իհարկե, նման պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել մեր միասնությունը և համատեղ ջանքերով գտնել այդ բարդ մարտահրավերների պատասխանները»,- ընդգծել է Միշուստինը։
Ռուսաստանի վարչապետը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին դեկտեմբերի 4-ին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին, ինչպես նաև Եվրասիական առաջին կոնգրեսին, որը կազմակերպվելու է Եվրասիական զարգացման բանկի կողմից: