Այսօր ԱԺ-ն հավանություն է տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների և վավերացրել մի քանի վարկային համաձայնագրեր։
Պատգամավորները կողմ են քվեարկել «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացմանը, որով ՀՀ-ին տրամադրվելու է լրացուցիչ ֆինանսական աջակցությունը։ Այն ուղղվելու է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը։
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Համաձայնագրով մեր երկրին 3.8 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացվելու։
Կառավարություն այս գումարները ծախսելու է լիաքարշ շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորապես, լեռնային շրջաններում բնակչության որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով։
Պատգամավորները կողմ քվեարկեցին նաև «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, ինչպես «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին։
73 ձայնով ընդունվեց նաև «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում-Ախուրյան գետ – փուլ 1» – մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը, որով կբարելավվի նաև Կապսի ջրամբարը։
Չընդունվեց միայն Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Ի դեպ, 2017 թվականին այս ծրագիրը կասեցնելու որոշում է կայացվել՝ այն ոչ նպատակահարմար և հետգնման առումով խնդրահարույց համարելու հիմնավորմամբ և պետական պարտքի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու նպատակով: