ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը եկող տարի հատկացվելու է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա նշեց, որ այս տարվա համեմատ նախատեսվող գումարը 2.2 տոկոսով ավելի է։
Չնայած ֆինանսական դժվարություններին, Բաթոյանը վստահեցրեց, որ ոլորտի ծրագրերը չեն կասեցվել և նվազումներ էլ չեն եղել։ Սոցիալական նոր ծրագրեր եկող տարի չեն սպասվում։ Սակայն, որոշ ծրագրերում ավելացումներ են արվել։
«Բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելի է՝ նախորդ տարվա համեմատ: Սոցիալական աջակցություն՝ անաշխատունակություն ծրագրի գծով հատկացումները գերազանցում են 2020 թվականի ցուցանիշները»,- մատնանշեց նախարարը։
Միջոցներ կուղղվեն նաև ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերին։
Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված, նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ բյուջեով նախատեսված չեն:
«Բայց ունենք շահառուների թվի աճ, և նախարարությանը հատկացվող գումարի ավելացումը պայմանավորված է դրանով»,- բացատրեց նա։
Նախարարի խոսքով՝ բյուջեն կազմվել է առանց ներկայիս վիճակը նկատի ունենալու, սակայն, աջակցության մեխանիզմները թույլ են տալու արձագանքելու որոշակի խնդիրների: Եկող տարի ևս կշարունակեն սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը։