Շրջակա միջավայրի նախարարության 6 բաժինների ղեկավարների հետ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Քննարկվել են ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի խախտումները։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրության խնդրին։
«Ավելի վաղ իմ հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։ Ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վեր հանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը»,- գրել է Պետրոսյանը։
Նա կարևորել է նախարարության կենտրոնական ապարատի, ոլորտային ստորաբաժանումների և ենթակա ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։
«Պետք է լինի պատասխանատվության նորմ, որը կօնգի լուծել խնդիրները և հետագայում բացառել դրանց առաջացումը։ Մինչ օրս կան որոշակի երևույթներ, որոնք արգահատելի են և մերժելի՝ սկսած ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումից մինչև ջրային ոլորտի կառավարում։ Բոլորս պետք է գործենք միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահի»,- ասել է նախարարը։
Նշենք, որ շուտով ՇՄՆ-ում կձևավորվի աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու անդրադառնալ առկա օրենսդրական խնդիրները և առաջարկել նոր իրավակարգավորումներ։
.