Գյուղատնտեսությունը 2020 թվականին դրական ցուցանիշ է արձանագրել։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել դեկտեմբերի և տարեկան՝ վերջնական թվերը, սակայն գյուղատնտեսության շրջանառությունը 2020 թվականին ավելացել է 3-4 տոկոսով նախորդ տարվա համեմատ, նշել է նախարարը։
Չնայած առանձին ոլորտի դրական ցուցանիշին՝ 2020 թվականի տնտեսական աճը բացասական է լինելու: Քերոբյանը 8-8,5 տոկոս անկում է կանխատեսում: Նախարարը համոզված է՝ հունվարին իրավիճակն արդեն կփոխվի և հնարավոր կլինի կանխել անկումը։ Քերոբյանը հույս է հայտնել, որ փետրվարին կամ մարտին արդեն դրական արդյունքներ կլինեն:
Քերոբյանի խոսքերով՝ բիզնեսն ադապտացվել է ներկայիս պայմաններին, սակայն համավարակը դեռ շարունակում է որոշակիորեն ազդել տնտեսության վրա: Խոսքը, առաջին հերթին, զբոսաշրջության մասին է:
Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին հաշվարկներ չունի, թե ինչ տնտեսական արդյունք կունենանք տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման դեպքում: Սակայն կառույցում վստահ են՝ այս ծրագրերի իրագործման պարագայում Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու լուրջ նախադրյալներ կստանա: