ՊԵԿ-ը՝ բիզնեսին ընդառաջելու նպատակով մի շարք փոփոխություններ է մշակել։
Հարկ վճարողները մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու: «Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել` ընկերության առաջնահերթություններից ելնելով»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր կլինի գնահատել 2021թ. ապրիլի 20-ից հետո, երբ ներկայացված կլինեն շահութահարկի հաշվարկները:
Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելու ևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքի ուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու ՊԵԿ-ի առաջարկը: «Ներկայումս ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունը, լիկվիդայնությունը ապահովելու և ավելի ճկուն, բարենպաստ միջավայրում գործելու հարցում»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Կոմիտեն նախագծում առաջարկում է ԱԱՀ գումարները վերադարձնել հաշվարկը ներկայացնելուց հետո` չսպասելով մինչև հաջորդող ամսվա 20-ը: Բացի այդ, պարզեցված ընթացակարգով նախատեսված 40 մլն դրամ առավելագույն սահմանաչափն արդեն ոչ թե եռամսյակին, այլ ամեն ամսվան կվերաբերի։ Արդյունքում ավելի շատ հարկ վճարող կօգտվի ԱԱՀ վերադարձի հնարավորությունից, կանխատեսում են ՊԵԿ-ում։
«Մարտահրավերներով աչքի ընկած 2020 թվականի ընթացքում պետությունը ներդրումները խթանելու նաև մեկ այլ մեխանիզմ է մշակել: Բիզնեսը կարող է մաշվածությունը հաշվարկելու 1 տարուց ոչ պակաս ցանկացած ժամկետ ընտրել ու հետագայում որպես ծախս նվազեցնել շահութահարկից»,-նշվում է հաղորդագրության մեջ:
«Այն հիմնական միջոցների համար, որոնք ներմուծվել կամ ձեռք են բերվել 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը, հարկ վճարողները հնարավորություն ունեն ընտրելու ամորտիզացիայի ցանկացած ժամկետ` օգտակար ծառայության ժամկետ, որոնք ընդամենը պետք է պակաս չլինեն մեկ տարուց: Այսինքն` շատ արագ ամորտիզացնելու հնարավորություն կունենան»,-ընդգծում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:
«2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս: Եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետով նվազելու է»,-նշվում է հաղորդագրության մեջ: