ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իր երկու կառույցների աշխատանքում էական փոփոխություններ է մտցնում, որպեսզի գիտությունը ֆինանսավորվի ոչ միայն բյուջեից, այլ նաև՝ բիզնեսից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Հեռանկար»-ին տված հարցազրույցում:
Մտավոր սեփականության գործակալության ու Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի միջոցով գիտությունը պետք է առևտրայնացվի: Այսինքն՝ գիտության ստեղծած պրոդուկտը սկզբում կգրանցվի, հետո ՆՁԱԿ-ի միջոցով կգտնի այն բիզնեսներին, որտեղ այդ գիտական հայտնագործությունը կամ ուսումնասիրությունը կկարողանա դառնալ բիզնեսի համար փող աշխատելու աղբյուր»,- ասաց Քերոբյանը:
Նախարարը շատ կարևոր համարեց, որ բիզնեսը ստանա այն հնարավորությունները, որ կարողանա ֆինանսավորել գիտությանը:
«Դա կարող է լինել որոշակի հարկային արտոնությունների տեսքով կամ այլ տիպի խրախուսանքի տեսքով, բայց մենք բիզնեսն ու գիտությունը պետք է մոտեցնենք միմյանց»,-ասաց Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ Հայաստանը շատ լավ երկիր է, որ տաղանդավոր ստարտափն իր թիմով գա, ստեղծի իր պրոդուկտը, օգտագործի հայկական մարդկային կապիտալը, Հայաստանն էլ պետք է ապահովի ամբողջ էկոհամակարգը, որը պետք է սպասարկի այդ տիպի ընկերություններին։
«Հայաստանը շատ լավ տեղ է նրանց համար, քանի որ Հայաստանում ապահով է: Անկախ ամեն ինչից պետք է հիշենք, որ Երևանը 10 ամենաապահով քաղաքներից է՝ բռնությամբ հանցագործությունների առումով: Այստեղ ուտելիքը, կլիման շատ լավ է: Շատ լավ միջավայր է, որ հարևան երկրներից մարդիկ տեղափոխվեն Հայաստան, և Հայաստանում ևս գոյանան ընկերություններ, որոնք կկարողանան ստեղծել պրոդուկտներ աշխարհի համար»,-ասաց Քերոբյանը: