Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախաձեռնությամբ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է առցանց հանդիպում դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ավելի քան 40 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է․ «Լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելու կամ բացակայության պայմաններում Հայաստանի ֆերմերային տնտեսությունների փոքր ծավալները խոչընդոտ են հանդիսանում նրանց արտադրանքի իրացման, այդ թվում՝ արտահանումների համար։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության և արտահանումների ճիշտ կազմակերպման դեպքում ոչ միայն տեղական ֆերմերներին, այլև արտահանող և ներմուծող ընկերություններին հնարավորություն կընձեռվի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնել և հասնել շոշափելի արդյունքների»:
Իրենց հերթին X5 Retail Group ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ռուսաստանյան շուկայում առկա է բավական մեծ հետաքրքրվածություն հայկական արտադրության սննդամթերքի նկատմամբ։ Նրանց տեղեկացմամբ՝ ընկերության առաջնային նպատակն է երկարաժամկետ համագործակցություն ծավալել անմիջապես հայ արտադրողների հետ՝ հայկական արտադրանքի ներկայացվածությունն իրենց առևտրային ցանցերում ընդլայնելու նպատակով։
Ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես հայկական թարմ միրգ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի, գինիների ու չրերի նկատմամբ։