ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացավ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն ու խախտումների կանխարգելումն է:
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով՝ այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են կարգավորել բանկային ավանդների, բանկային համակարգի և սպառողների միջև փոխհարաբերությունները։
Պատգամավորն ասաց՝ եթե բանկը 365 օրվա ընթացքում առաջին անգամ խախտում է անում, տուգանվում է մինչև 500 հազար, բայց ոչ պակաս քան 300 հազար դրամը: Եթե խախտումը 365 օրվա ընթացքում երկրորդ անգամ կրկնվում է՝ կտուգանվի մինչև 1 միլիոն դրամ, բայց ոչ պակաս քան 500 հազար դրամը, իսկ երրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ մինչև 2 միլիոն, բայց ոչ պակաս քան 1 միլիոն դրամը։
Արտակ Մանուկյանն ընդգծեց, որ հավաքված բոլոր գումարները գնալու են պետական բյուջե:
«Երբ կան ստանդարտներից շեղումներ, ու երբ այդ ինստիտուտը շարունակաբար սպառողների իրավունքները խախտում է, ապա, կարծում եմ, որ այս դեպքում պետք է լինի ավելի բարձր տուգանք: Սա է օրենքի տրամաբանությունը»,- նկատեց օրինագծի համահեղինակը և շեշտեց, որ օրենքը կյանքի կոչվելու դեպքում կկարգավորվեն բանկերի և սպառողների միջև փոխհարաբերությունները։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի նախագծերի փաթեթը: