Հայաստանի գազամատակարարումն իրականացվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հանրային կապերի ծառայության պատասխանատու Միքայել Հարությունյանն՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, ըստ որոնց, ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով է իրականացվելու:
«Գազպրոմ-Արմենիա»-ից այլ տեղեկություններ չհայտնեցին և խնդրեցին լրացուցիչ պարզաբանում ստանալ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից։
Հիշեցնենք, որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը Հայաստանի սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: Նշվում է, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար: