Հայաստանում այսօր չկա մի արցախցի, որը կացարանի խնդիր ունենա՝ վստահեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նա նշեց, որ պատերազմից հետո Արցախի քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրեր կան, որոնց շրջանակներում էլ այդ հարցերը լուծվում են։
Նախարարի տեղեկացմամբ՝ արցախցիների սոցիալական հարցերը լուծելու նպատակով 15 ծրագիր է իրականացվել, հատկացվել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Ըստ Առաքելյանի՝ այդ ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման չափն ավելանալու է ևս 30 միլիարդ դրամով:
«Արցախի սոցիալական ծրագրերը շարունակվելու են, մի շարք ծրագրեր արդեն իրականացվում են նաև Արցախի կառավարության հետ համատեղ: Ծրագրերը եղել են ֆինանսական բնույթի: Պատերազմի հետևանքների մեղմման սոցիալական ծրագրերի մյուս խումբը վերաբերվում է զոհված անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց: Մասնավորապես՝ հուղարկավորության ծախսերի փոխհատուցման մասով կատարվում են հատկացումներ՝ 700 հազար դրամ և 1 միլիոն 400 հազար դրամ»,- հավաստիացրեց նա։
Բացի այս, Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման ՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հետ համատեղ 2 ծրագիր է իրականացվում. անհայտ կորած անձանց ընտանիքներին տրամադրվում է 6 ամսվա կտրվածքով 300 հազար դրամ աջակցություն։
Նախարարի խոսքով՝ սոցիալական ծրագրերի արդյունավետության ու հասցեականության շնորհիվ ՀՀ տեղափոխված արցախցիների գերակշիռ մասը վերադարձել է Արցախ։