Արժույթի միջազգային հիմնադրամի մի խումբ, հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորությամբ, ապրիլի 6-21-ն առցանց քննարկումներ է անցկացրել ՀՀ իշխանությունների հետ՝ վերջին տնտեսական իրադարձությունների, հեռանկարների և քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ: Այս մասին ասված է ԱՄՀ-ի պաշտոնական կայքում։
Քննարկումներից հետո Նաթան Փորթերը նշել է, որ Հայաստանի տնտեսության վրա լրջորեն ազդել են Covid-19 համավարակն ու ռազմական գործողությունները: Երկրի ՀՆԱ-ն 2020 թ․-ին ընկել է 7,6%-ով, իսկ տարեկան գնաճը 2021 թվականի մարտին արագացել և հասել է 5,8%՝ պարենի համաշխարհային գնաճի և հայկական դրամի արժեզրկման ֆոնին:
Անցյալ տարի բյուջեի դեֆիցիտն ընդլայնվել է՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 5,5%։ Միևնույն ժամանակ, 2020 թվականի վերջին պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 63,5% -ը:
«Կարգավորումն, ամենայն հավանականությամբ, ձգձգվելու է: Չնայած վերականգնման տեմպի վերաբերյալ անորոշությանը, մեր պահպանողական կանխատեսումը ենթադրում է, որ Հայաստանի տնտեսությունը 2021-ին կաճի մոտ 1% -ով, իսկ 2022-ին` 3,5% -ով»,- ասել է ԱՄՀ պաշտոնյան:
Նա նաև նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճային գործընթացներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի կարգավորելու իր դրամավարկային քաղաքականությունը, որպեսզի հայկական դրամի փոխարժեքը կայունանա:
Չնայած ֆինանսական հատվածի սթրեսի նշաններ չկան, համաճարակի ազդեցությունը դեռ ակնհայտ է։