Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատրաստվում է հրաժարական տալ, եթե մինչև տարեվերջ ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճ ունենալու իր կանխատեսումն իրականություն չդառնա։
Նախարարի պաշտոնակատարը նկատել է, որ որոշ մարդիկ ուզում են ֆոն ստեղծել, թե մեր երկրում ամեն ինչ վատ է։ Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց նրանց՝ ասելով, որ բացասական լուրեր տարածողներն իրական աշխարհի հետ կապ չունեն։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը չի կարծում, թե Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո տեղական արտադրողը կտուժի։ Ավելին, նա վստահեցրեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ մեր օրակարգում չկա։ Նրա խոսքով՝ մտադիր են երկարացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
«Ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»», – հայտարարեց Վահան Քերոբյանը։
Նրա պնդմամբ՝ կփորձեն այնպես անել, որ մեր տնտեսությունը հնարավորինս լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում․