Հայաստանում ֆինանսական համակարգը 2020 թվականին գործել է համավարակով և պատերազմով պայմանավորված աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում: 2020 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները` սկսած 2020 թվականի մարտից:
«Դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ էին ստեղծել նաև ֆինանսական համակարգի համար, ինչի արդյունքում Կենտրոնական դրամատունը, ըստ էության, նպատակ է հետապնդել Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական միջնորդություն կամ կայունություն ապահովել, որը իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության միջոցով»,- ասաց Գալստյանը:
Ըստ ԿԲ նախագահի` ֆինանսական միջնորդության անընդհատությունը ապահովելու տեսանկյունից երկու խումբ հարցերն են փորձել լուծել` առաջինը վերաբերում է բանկերում վարկային ռիսկի աճին, երկրորդը` բանկերի իրացվելիության ճնշումներին:
«Առաջին խնդիրը լուծելու համար հակացիկլիկ միջոցառումներ ձեռնարկեցինք` օժանդակելու ֆինանսական համակարգին, երկրորդ խմբի խնդիրները լուծելու համար որոշակի իրացվելիության ներարկում իրականացրինք»,- եզրափակեց Գալստյանը: