Զբոսաշրջային հոսքերի նվազման, կորոնավիրուսի դեռևս պահպանվող ազդեցության հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում շարունակվում են տնտեսական բնականոն գործունեությանը վերադառնալու դժվարությունները։ Այս մասին ասված է կառավարության զեկուցվող նախագծերից մեկում։
Շարունակվող ֆինանսական բարդությունները խնդիրներ կարող են ստեղծել՝ հետագա բնականոն գործունեությանը վերադառնալու և աշխատատեղերը պահպանելու տեսանկյունից։
Ստեղծված իրավիճակում տնտեսավարողները դեռևս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաև առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։
Ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ, զբոսաշրջային հոսքերի կրճատման և COVID-19-ի պատճառով, տուրիզմի հետ կապված որոշ ոլորտներում բնականոն տնտեսական գործունեությանը վերադառնալու դժվարություններ կան:
Ստեղծված իրավիճակում տուրիստական ընկերություններին անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հայթայթել բիզնեսի շարունակականությունն ապահովելու, աշխատատեղերն ու առկա ենթակառուցվածքները պահպանելու համար: Սույն որոշմամբ նախատեսվում է երկարեցնել ամսական դրամաշնորհները։
Դրամաշնորհների տրամադրման հիմնական պայմանը կլինի առնվազն երեք աշխատող ունենալու պարտավորությունը, որոնք չունեն ԱԱՀ-ի պարտքեր 2020-ի առաջին եռամսյակի համար:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործող Հայաստանի Հանրապետության տնտեսավարողները՝ կորոնավիրուսի ազդեցության հետևանքով դեռևս շարունակվող իրավիճակում հնարավորություն կստանան ապրիլ–հունիս ամիսներին ևս ներգրավելու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ ստեղծված իրավիճակին դիմակայելու, իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։