Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխատուները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր հետ բերում է պրոբլեմներ, առաջին հերթին, ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք արդեն բավական երկար տարիներ արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլևս ոչ թե առանձին վերցված մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն պրոբլեմները, որ ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ մենք, մասնավորապես, ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում»,-ասել է նա։
Խորհրդակցությանը քննարկվել են վարչապետի պաշտոնակատարի նախանշած խնդիրների օպերատիվ և ռազմավարական լուծումների տարբերակները:
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղոլորտում առկա իրավիճակի, սակավաջրության ծավալների, ջրամատակարարման գործընթացի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ուղղությամբ աշխատանքների մասին: Նշվել է, որ կանխատեսումների համաձայն՝ ջերմային նման բարձր ֆոնը պահպանվելու է ողջ ամռան ընթացքում, ինչը և ազդեցություն է ունենալու ոռոգման գործընթացի վրա:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է համակարգված աշխատանք իրականացնի գյուղոլորտի խնդիրներին օպերատիվ արձագանքելու և միաժամանակ ինստիտուցիոնալ լուծումներ, զարգացման տրամաբանությամբ աջակցության ծրագրեր մշակելու ուղղություններով:
Մանրամասները՝ տեսանյութում․