Հայաստանից արտահանվող գյուղմթերքի արտահանման տվյալների, նոր շուկաների որոնման, արտահանումը խթանելու նպատակով տնտեսվարողներին տրվող աջակցության ծրագրերի մասին Armenia Today-ը զրուցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ։
– Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ծիրանի արտահանման ցուցանիշն արդեն իսկ գերազանցում է նախորդ տարվա ամբողջ ծավալը։ Այգեգործների խոսքով՝ այս տարի ծիրանի բերքատվությունը միջին է։ Պաշտոնական տվյալներով՝ որքա՞ն ծիրանի բերք ունենք։ Եվ որքա՞ն ծիրան է արդեն արտահանվել։
-Մենք արդեն արտահանել ենք 97 000 տոննա պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 51000 տոննա պտուղ- բանջարեղեն։ Արդեն արտահանվել է շուրջ 21000 տոննա ծիրան, որը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 3 անգամ ավելի է։ Նախորդ տարի այս ժամանակաշրջանում 7000 տոննա ծիրան էր հանրապետությունից արտահանվել։
Նման ցուցանիշ գրանցվել է նաև վերամշակման ոլորտում։ Եթե 2020 թվականի այս ժամանակաշրջանում վերամշակվել էր 560 տոննա ծիրան, ընթացիկ տարում ծավալը կազմում է 2000 տոննա։ Անցյալ տարի ծիրանի բերքատվության ցուցանիշը ցածր էր։
Այս տարի ծիրանը միջին բերքատվության է, նախորդ տարի բերքը պակաս էր, քանի որ մայիսին բավականին շատ էին ամպամած օրերը, փոշոտում տեղի չունեցավ։ Բերքատվության ցուցանիշների վրա ազդեցին նաև հիվանդությունները։
Այս տարվա ծիրանը բավականին որակյալ է, շուկայի համար գրավիչ է։ Այդ է պատճատը, որ այս տարի ծիրանը բավականին բարձր գնով է արտահանվում։ Արտահանվող ծիրանի մեծածախ գինը տատանվում է 400-450 դրամի սահմաններում։ Վերամշակման ծիրանի մեկ կիլոգրամի արժեքը կազմում է 250 դրամ։ Կարող ենք արձանագրել, որ ծիրանը և՛ բարձր գնով է արտահանվում, և՛ արտահանման ծավալներն են բարձր։ Միայն ծիրանի արտահանման ծավալները չեն բարձր, այս տարի նաև մեծ ծավալներով կարտոֆիլ է արտահանվել։ Նախորդ տարվա ցուցանիշները գերազանցել ենք նաև խնձորի արտահանման մասով․ սառնարանային տնտեսություններում պահվող 8000 տոննայից ավելի խնձոր է արտահանվել երկրից։
–Հայաստանից հիմնականում գյուղմթերք արտահանվում է ՌԴ։ Այլ շուկաններ գտնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռարկում։
-Մեր քայլերն ուղղված են ոչ միայն արտահանման շուկաներ դիվերսիֆիկացնելու, այլև նույն երկրում տարբեր մատակարարման շղթաներ գրավելու, դրանք մանրածախ շուկաներն են, սուպերմարկետները։ Այս առումով շատ կարևորում եմ Հայաստանում լոգիստիկ կենտրոնների առկայությունը։ Օրինակ՝ նախորդ տարի 988 ծիրան արտահանող է եղել, մոտ 760 էլ՝ խաղող արտահանող։ Այսինքն՝ մենք մեծ թվով մարդկանցով արտահանում ենք քիչ քանակությամբ գյուղմթերք։ Պետք է այստեղ մեր ուժերը մոբիլիզացնենք։ Լոգիստիկ կենտրոնների ստեղծման խթանումը կնպաստի նաև արտահանման արդյունավետ կազմակերպմանը։ ՌԴ-ից ինձ ասացին, որ Հայաստանի մատակարարների հետ ունեցած պայմանագրերի 30 տոկոսը չի կատարվում։ Սա մատակարարման ոչ ճիշտ կազմակերպման խնդիր է։ Այս ուղղությամբ աշխատանքները բավականին ինտենսիվացրել ենք։ Հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ կունենանք մի քանի լոգիստիկ կենտրոններ։ Դրամաշնորհային ծրագրով կարողացել ենք գումար հատկացնել այդպիսի կենտրոնների ստեղծման համար։
–Խոսեցիք արտահանողների թվի ավելացման մասին, բայց տարիներ շարունակ այգեգործները բողոքում են, որ արտահանման գործընթացում մրցակցություն չկա, արտահանողները միմյանց միջև գին են պայմանավորվում և այդ գնից թանկ կամ էժան ծիրան չեն արտահանում։ Արդյոք վերահսկողություն սահմանվո՞ւմ է։
-Ես բողոքում էի, որ արտահանողների թիվը բավականին մեծ է։ Դա նշանակում է, որ բոլորը չեն կարող նույն գինն առաջարկել՝ պայմանավորվելով մեկ գնի շուրջ։ Ֆերմերները պետք է գիտակցեն, որ մենք գործ ունենք շուկայի հետ, և նույն արտահանողը տարբեր ռիսկեր է հաշվի առնում։ Մենք հաշվի ենք առնում նաև, թե տարածաշրջանում ովքեր են խաղացողները, մեր ապրանքը մրցակցայի՞ն է, թե՝ ոչ։ Շուկան ինքնակարգավորվում է։
–Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է, որ իրենց թիրախում է արտահանման ծավալների աճը և նպատակ ունեն ծավալներն ավելացնել։ Ի՞նչ ծրագրերով եք արտահանման ծավալների աճը խթանելու։
-Արտահանումը խթանելու նպատակով արտահանողների և վերամշակողների համար եզակի նախագիծ է շրջանառության մեջ դրվել։ Ոչ միայն հումքի մթերման համար է տրամադրվում սուբսիդավորում, այլև ևս մեկ գործոն ենք ավելացրել, որով նախորդ տարվա արտահանման չափով, բայց ոչ ավելի, քան վարկի 50 տոկոսն է կառավարությունը տրամադրում է պետական երաշխիք։ Սա կարևոր է նաև նրանով, որ կապ է ստեղծվում ֆերմերի, արտահանողի և վերամշակողի միջև՝ պայմանագրերով աշխատելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։