«Մենք առաջարկում ենք պղնձի խտանյութի, մոլիբդենի և հարակից ապրանքների վրա լրացուցիչ արտահանման տուրք սահմանել մինչև տարվա վերջ՝ հաշվի առնելով, որ միջազգային շուկայում այս մետաղների գներն աճել են»։ Այս մասին Կառավարության նիստից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ դա հնարավորություն կտա ավելի լավ բալանսավորել ՀՀ քաղաքացիների և հանքերը շահագործողների շահերը։
«Այստեղ քիչ դեր չունի այն, որ այսօր ՀՀ առջև ծառացած մարտահրավերները այնպիսին են, որ մենք պետք է անպայման օգտագործենք այսպիսի հնարավորությունները մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար»,- նշել է նա։
«Մենք մոտավորապես առաջարկել ենք միջազգային գների համեմատ 15 տոկոս լրացուցիչ արտահանման տուրք սահմանել։ Այսինքն, եթե պղինձն այսօր Լondon metal exchang-ում արժե 9300 դոլար, մոտավորապես այդպիսի թվից հանում ենք 15 տոկոսը, և դա կիրառում ենք պղնձի խտանյութի վրա։ Մեր հաշվարկներով՝ դրա արդյունքում բյուջեն մինչև տարեվերջ կստանա 30 մլրդ դրամի եկամուտ։ Սա միտված է ոլորտը թափանցիկացնելու և ՀՀ ընդերքը քաղաքացիների շահերին համապատասխանեցնելու համար»,- նշել է Քերոբյանը։