Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Հորդանանի զբոսաշրջության ասոցիացիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Այն ուղղված է Հայաստանի ուՀորդանանի միջև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացմանը: Հորդանանի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահի կողմից արդեն ստորագրված հուշագիրը Հայաստան է բերել Հորդանանի զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ադել Ամինը:
«Հայաստանը փոքր երկիր է, սակայն հարուստ է իր մշակույթով, ժառանգությամբ: Այստեղ բիզնես նպատակներով էի, տեսնելով զբոսաշրջության ներուժը՝ որոշեցի հենց այդ ուղղությամբ աշխատել: Հայկական զբոսաշրջային արդյունքի բազմազանությունը շատ մեծ է, կարող ենք խոսել պատմության, մշակույթի, խոհանոցի, արկածային տուրիզմի մասին: Դա արդյունավետ օգտագործել է պետք: Հայաստանում լինելով՝ գտա ինձ համար մի նոր զբոսաշրջավայր վայելելու համար»,- ասաց նա։
Ստորագրված հուշագիրը ենթադրում է թե´ Հայաստանում, թե´ Հորդանանում զբոսաշրջային հնարավորությունների առնչությամբ իրազեկվածության բարձրացում հասարակության լայն շրջանում: Նախատեսվում են կազմակերպել լրագրողների, տուրօպերատորների փոխադարձ ճանաչողական այցեր Հայաստան և Հորդանան: Հիմնական շեշտադրումը լինելու է այն, որ Հայաստան հրավիրվեն այն տուրօպերատորները, որոնք չեն աշխատել այդ ուղղությամբ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ կա Հորդանանի հետ աշխատելու խոստումնալից հնարավորություն:
«Հորդանանը մասսայական տուրիզմի երկիր չէ, ունի իր առանձնահատկությունը, բայց համոզված եմ՝ այն լավ ներկայացնելու, զբոսաշրջային ընկերությունների առավել արդյունավետ աշխատանքի պարագայում, մրցունակ առաջարկներ կարող ենք ունենալ, թե՛ Հայաստանից Հորդանան, թե՛ հակառակ ուղղությամբ»,- ասել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչը։