Այս տարի Հայաստանի ատոմային ոլորտը նշում է իր 55-ամյակը: Երկիրը կուտակել է ոլորտային մեծ փորձ, և դա արդեն թույլ է տվել զարգացնել միջուկային բժշկությունը: Եվ, անկասկած, սա դեռ սկիզբն է. Երկիրն ունի բազմաթիվ ոլորտներում միջուկային տեխնոլոգիաներ ներդնելու ներուժ: Այս մասին հայտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիան։
Հուլիսի 30-ին, Ատոմային տեխնոլոգիաների երեկոյի ավելի քան 500 մասնակից իմացավ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները օգտագործվում մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ՀՀ ԳԱԱ Վ․Ամբարցումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ:
«Այսօր տեխնոլոգիաները զարգանում են լույսի արագությամբ, իսկ ճշգրիտ գիտությունները և տեխնիկական կրթությունը դառնում են ավելի ու ավելի պահանջված, ուստի այժմ կարևոր է գիտությունը մերձեցնել երիտասարդ սերնդին: Շատ կարևոր է նաև առավելագույն թվով մարդկանց համար ատոմային գիտելիքների հանրահռչակումը, որպեսզի նրանք ունենան ատոմային տեխնոլոգիաների օբյեկտիվ ընկալում և հենվեն գիտական գիտելիքներին, այլ ոչ թե առասպելներին և սխալ պատկերացումներին: Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք այս միջոցառմանը», – ասաց ՀՀ ԳԱԱ Վ․Ամբարցումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ բացելով Ատոմային տեխնոլոգիաների երեկո:
Երեկոյի մասնակիցները իմացան, թե արքան խորն են ատոմային տեխնոլոգիաները մտել մեր կյանք: Դրանք օգնում են բուժել և ախտորոշել հիվանդությունները, բարձրացնել գյուղատնտեսության բերքատվությունը, երկարացնել սննդի պահպանման ժամկետը, աղազերծել ծովի ջուրը, հետազոտել և պահպանել եզակի պատմական մուշներն ու գրքերը:
Ինչպես ասել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության գիտական և վերլուծական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Զայցևը, մենք հանդիպում ենք ատոմային տեխնոլոգիաներին նույնիսկ այն ժամանակ, երբ ուտում ենք մրգեր, բանջարեղեն, միս, ուտեստին ավելացնելով մեր սիրած համեմունքները: «Որոշ սննդամթերքնր ենթարկվում են ռադիոակտիվ ճառագայթմանը` վնասակար բակտերիաները ոչնչացնելու, սննդի պահպանման ժամկետը երկարացնելու համար` առանց համի կամ հոտի վրա ազդելու: Աշխարհի շատ երկրներում ատոմի օգտագործումը գյուղատնտեսության և սննդի մեջ հսկայական ներդրում է ունենում տնտեսության զարգացման մեջ, և հաշվի առնելով, որ Հայաստանն ունի ամենահյութալի և բուրավետ բանջարեղենն ու մրգերը, այս ուղղության զարգացումը կարող է դառնալ շատ խոստումնալից երկրի համար », – ասաց Ալեքսանդր Զայցևը:
Բացի այդ, ամեն օր ընդլայնվում են ատոմը բժշկության մեջ օգտագործելու հնարավորությունները: Ամբողջ աշխարհում տարեկան կատարվում են տասնյակ միլիոնավոր ախտորոշման ընթացակարգեր՝ իզոտոպների կիրառմամբ: «Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ռենտգեն է արել, սակայն այսօր միջուկային բժշկության մեթոդները թույլ են տալիս տեսնել և ուսումնասիրել մարդկային օրգանների գրեթե բոլոր համակարգերը, ինչպես նաև օգնում են ճշգրիտ ախտորոշում կատարել: Հենց միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանին տվեց միջուկային բժշկություն, որն օգնում է պայքարել բարդ հիվանդությունների դեմ և չհասնել արտասահման ախտորոշման համար: Իսկ ապագայում Հայաստանը կարող է ընդունել հիվանդներ այլ երկրներից», – ասաց միջոցառման բանախոս, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ախտորոշման և հեռաբժշկության տեխնոլոգիաների գիտագործնական կլինիկական կենտրոնի գիտաշխատող Աննա Խորուժայան:
Հարկ է նշել, որ ատոմային տեխնոլոգիաների որոշ ուղություններում Հայաստանը վաղուց սկսնակ չէ։ Երկիրը յուրացրել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ատոմային էներգետիկա, միջուկային բժշկությունը, ռադիոիզոտոպների արտադրությունը: Օդանավակայանում անվտանգության հսկցում անցնելիս մենք հանդիպում ենք նաև X-ճառագայթների:
Ինչպես նշել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Գորնը, սեփական ատոմակայանի առկայությունը երկրին հնարավորություն է տալիս օգտագործել միջուկային տեխնոլոգիաները նաև այլ ոլորտներում: «Միջուկային արտադրությունը խթանել է կադրային և գիտական կլաստերի ձևավորումը: Վստահ եմ, որ այսօրվա երեկոյի մասնակիցների թվում կան մարդիկ, ովքեր մի քանի տարի անց կարևոր բացահայտումներ կանեն մարդկության համար՝ օգտագործելով խաղաղ ատոմի զարգացման Հայաստանի թե՛ առկա, թե՛ ապագա հնարավորությունները», – ասաց Վլադիմիր Գորնը: